Կարճաժամկետ հեռանկարում ավելի արագ արդյունք կարող է տալ արտասահմանյան պատրաստի տեխնոլոգիաների ներմուծումն ու հավաքումը, սակայն երկարաժամկետ առումով հայկական մոտեցումը՝ շեշտը դնելով տեղական մշակումների վրա, ավելի ճիշտ և հեռանկարային է։
Արամ Ջիվանյան
Հայաստանի հանրային ռադիոն զրուցել է ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ։ Զրույցի ընթացքում վերջինս ներկայացնում է իր դիտարկումները ոլորտի արմատական վերափոխումների և զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Զրույցի առանցքում պետական բյուջեի զգալի աճն է, որն ուղղվում է թե՛ պատրաստի զինատեսակների գնմանը, թե՛ գիտահետազոտական նորարարական նախագծերին, որոնք ապահովում են տեղական արտադրանքի երկնիշ տոկոսային մասնաբաժինը սպառազինության մեջ։ Ջիվանյանը շեշտում է միջազգային տեխնոլոգիական համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է ոչ միայն զենք ներկրել, այլև իրականացնել համատեղ մշակումներ և ներդնել կառավարման ավտոմատացված համակարգեր։ Ոլորտի հիմնական նպատակն է ստեղծել կայուն և երկարաժամկետ աճի մեխանիզմ, որտեղ ռազմարդյունաբերությունը կհանդիսանա գիտության զարգացման լոկոմոտիվ և կերաշխավորի բանակի տեխնոլոգիական առաջընթացը։

Արամ Ջիվանյան նշեց, որ ռազմարդյունաբերության վրա ծախսվող բյուջեն պետք է բաժանել երկու տարբեր ուղղությունների։ Նրա խոսքով՝ նախկինում ոլորտի բյուջեն հիմնականում ասոցացվում էր միայն ռազմարդյունաբերության կոմիտեի ֆինանսավորման հետ, սակայն վերջին տարիների ամենամեծ խթանը եղել է արդյունաբերական արտադրական բյուջեն, որը 2022–2025 թվականների համար կազմել է մոտ 170 միլիարդ դրամ։ Ջիվանյանը պարզաբանեց, որ այդ գումարները ուղղվել են արդեն պատրաստի ռազմական արտադրանքի ձեռքբերմանը՝ հայկական արտադրության զինամթերք և այլ միջոցներ պաշտպանության նախարարությանը տրամադրելու նպատակով, մինչդեռ կոմիտեի բյուջեն հիմնականում ծառայում է նոր արտադրատեսակների մշակմանը և գիտահետազոտական աշխատանքներին։

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը դիտարկեց, որ գիտության և ռազմական արտադրանքի բանակ մտնելու միջև երկար ճանապարհ կա։ Նա նշեց, որ հասարակության պահանջը՝ անմիջապես տեսնել ներդրված գումարների արդյունքը, հասկանալի է, սակայն գիտական աշխատանքը այդպես չի գործում։ Ջիվանյանի խոսքով՝ տասը փորձից միայն մեկն է լիարժեք հաջողվում, և ռազմարդյունաբերական նախագծերում ևս մոտավորապես նույն պատկերն է։ Նրա գնահատմամբ՝ կոմիտեի ֆինանսավորած նախագծերից յուրաքանչյուր տասից առնվազն մեկը արդեն հաջողությամբ հասել է բանակ։
Արամ Ջիվանյանը տեղեկացրեց, որ հանրությունը հնարավորություն կունենա մոտիկից ծանոթանալու վերջին տարիների մշակումներին ոչ միայն մայիսի 28‑ի զորահանդեսի, այլ նաև հունիսի 3–4‑ին նախատեսվող «RAISE» ցուցահանդեսի ընթացքում։ Նա բացատրեց, որ ցուցահանդեսի անվանումը բացվում է որպես Research, Innovation, Science, Engineering, և այնտեղ ներկայացվելու են ռազմարդյունաբերական ոլորտի նորարարական լուծումներ, այդ թվում՝ նոր զինատեսակներ և տեխնոլոգիաներ։
Կոմիտեի նախագահը շեշտեց, որ տեղական արտադրության մասնաբաժինը հայկական սպառազինության մեջ արդեն դարձել է երկնիշ տոկոս։ Նրա խոսքով՝ եթե տեղական գնումները կազմել են մոտ 500 միլիոն դոլար, իսկ ընդհանուր ռազմատեխնիկական համագործակցությունը՝ մի քանի միլիարդ, ապա ակնհայտ է, որ հայկական արտադրանքը արդեն էական դեր ունի վերջին տարիների սպառազինության ձեռքբերումներում։
Ջիվանյանը կարծում է, որ կարճաժամկետ հեռանկարում ավելի արագ արդյունք կարող է տալ արտասահմանյան պատրաստի տեխնոլոգիաների ներմուծումն ու հավաքումը, սակայն երկարաժամկետ առումով հայկական մոտեցումը՝ շեշտը դնելով տեղական մշակումների վրա, ավելի ճիշտ և հեռանկարային է։ Նա ընդգծեց, որ կոմիտեն ակտիվորեն աշխատում է նաև միջազգային ռազմատեխնոլոգիական համագործակցության ուղղությամբ՝ տարբեր երկրների հետ քննարկելով համատեղ արտադրություններ, մշակումներ և տեխնոլոգիական փոխգործակցություն։

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը պատմեց, որ անցյալ տարվա ընթացքում կազմակերպվել են փակ ձևաչափով երկու խոշոր միջոցառումներ գործընկեր երկրների հետ։ Նրա խոսքով՝ Հայաստան են ժամանել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց համար անցկացվել են թե՛ բիզնես ֆորումներ, թե՛ պոլիգոնային փորձարկումներ։ Ջիվանյանը նշեց, որ հայկական մշակումները ցուցադրվել են ոչ թե որպես էքսպոնատ, այլ իրական պայմաններում՝ պայթյուններով, թռիչքներով և մարտական կիրառման տարրերով։ Նրա գնահատմամբ՝ այդ միջոցառումները փոխել են գործընկերների պատկերացումը հայկական ռազմարդյունաբերության հնարավորությունների մասին։
Արամ Ջիվանյանը նաև անդրադարձավ արտասահմանյան ընկերությունների հնարավոր ներգրավմանը Հայաստանում։ Նա ասաց, որ դա շատ ավելի բարդ գործընթաց է, քան պարզապես զենք գնելը, որովհետև խոշոր ընկերությունների համար որոշիչ է բիզնես շահավետությունը՝ հայկական բանակի պատվերների ծավալը և արտահանման հեռանկարները։ Նրա խոսքով՝ Հայաստանը փորձում է ներգրավվել միջազգային արժեքային շղթաների մեջ և ստեղծել համատեղ արտադրություններ։բ
Խոսելով ոլորտի դժգոհությունների մասին՝ Ջիվանյանը ընդունեց, որ նախկինում եղել են թղթաբանական և ժամանակային խնդիրներ, սակայն վստահեցրեց, որ գործընթացներում արդեն կա արագության և հստակության աճ։ Նա ընդգծեց, որ նոր ռազմական արտադրանքի մշակումը չափազանց բարդ և պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է նաև գլխավոր շտաբի մասնագիտական գնահատականը։բ
Վառոդի և այլ բաղադրիչների ներկրման խնդրի մասին խոսելիս՝ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը նշեց, որ ամբողջ աշխարհում կա վառոդի սուր դեֆիցիտ, իսկ արտադրող երկրները շատ քիչ են։ Նրա խոսքով՝ կոմիտեն այդ հարցով աշխատում է կառավարական մակարդակով տարբեր երկրների հետ, և թեև խնդիրը բարդ է, հայկական արտադրությունները շարունակում են աշխատել։
Արամ Ջիվանյանը նաև անդրադարձավ բանակի և նորարարությունների հարաբերությանը՝ նշելով, որ ցանկացած բանակ դժվարությամբ է կլանում նոր տեխնոլոգիաները։ Նա շեշտեց, որ այդ խնդիրը միայն Հայաստանի համար չէ և օրինակ բերեց Ֆրանսիան, որտեղ ևս նորարար բիզնեսները դժգոհում են զինված ուժերի դանդաղ արձագանքից։ Նրա խոսքով՝ կոմիտեն այստեղ միջնորդի դեր է կատարում բանակի և տեխնոլոգիական ընկերությունների միջև։
Ջիվանյանը կարևորեց նաև բանակի կառավարման համակարգերի ավտոմատացման և թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նա նշեց, որ խոսքը C2 և C4ISR կառավարման համակարգերի մասին է, որոնք պահանջում են ոչ միայն տեխնոլոգիական լուծումներ, այլ նաև լուրջ օրենսդրական բարեփոխումներ և կիբերանվտանգության բարձր մակարդակ։
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը բարձր գնահատեց եռամյա պայմանագրերի համակարգը՝ նշելով, որ այն թույլ է տվել ընկերություններին ունենալ երկարաժամկետ կայունություն և զարգացնել արտադրական կարողությունները։ Միևնույն ժամանակ նա ակնարկեց, որ ապագայում հնարավոր է կիրառվեն նաև այլ մեխանիզմներ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն ռազմարդյունաբերական պատվերների համակարգը։
Ամփոփելով՝ Արամ Ջիվանյան ասաց, որ Հայաստանի ռազմարդյունաբերությունը վերջին տարիներին գրանցել է մեծ առաջընթաց, սակայն այժմ ոլորտը մտնում է ավելի բարդ և պատասխանատու՝ «հասունացման փուլ»։ Նրա խոսքով՝ նպատակն է հայկական ընկերություններին դուրս բերել միջազգային շուկաներ և դարձնել միջազգային արժեքային շղթաների լիարժեք մասնակից։ Ջիվանյանը շեշտեց, որ ռազմարդյունաբերությունը պետք է դառնա ոչ միայն բանակի զարգացման, այլ նաև գիտության և բարձր տեխնոլոգիական արտադրության հիմնական շարժիչ ուժերից մեկը Հայաստանում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
