Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները այլևս միայն քաղաքական աջակցության մակարդակում չեն, այլ աստիճանաբար ձեռք են բերում ռազմավարական բնույթ։
Վիգեն Հովսեփյան
1inTV‑ն զրուցել է քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտաքին քաղաքականության արմատական շրջադարձը դեպի արևմտյան կառույցներ՝ ընդգծելով անցումը լոկ քաղաքական հռչակագրերից դեպի ինստիտուցիոնալ և ռազմավարական ինտեգրում: Քաղաքագետ Վիգեն Հովսեփյանը հիմնավորում է, որ Երևանում անցկացված բարձրաստիճան գագաթնաժողովները փաստում են երկրի ինքնիշխանության ամրապնդումը և Ռուսաստանի միակողմանի ազդեցության գոտուց աստիճանական դուրսբերումը։ Հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգային և տնտեսական նոր մոդելներին, որտեղ Հայաստանը դիտարկվում է որպես Արևմուտքի համար վստահելի գործընկեր և տարածաշրջանային հնարավոր հանգույց։ Ուշադրություն է դարձվում Հայաստանի՝ իր շահերը աշխարհաքաղաքական նոր իրողությունների և ուժային կենտրոնների փոփոխվող հետաքրքրությունների համատեքստումհավասարաշռելու ջանքերին։
Վիգեն Հովսեփյանը նշեց, որ Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նախևառաջ խորհրդանշական մեծ նշանակություն ուներ։ Նրա խոսքով՝ այդ միջոցառումը ցույց տվեց, որ Հայաստանը փորձում է ինքնուրույն կերպով հասնել դեպի Եվրոպա և եվրոպական քաղաքական ընտանիք։ Հովսեփյանը դիտարկեց, որ արդեն խոսքը միայն «նկրտումների» մասին չէ, այլ փաստացի գործընթացների, ինչի մասին, ըստ նրա, վկայում էին նաև եվրոպացի առաջնորդների հայտարարությունները և ստորագրված համաձայնությունները։

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները այլևս միայն քաղաքական աջակցության մակարդակում չեն, այլ աստիճանաբար ձեռք են բերում ռազմավարական բնույթ։ Քաղաքագետի կարծիքով՝ համագործակցությունը ներառում է անվտանգություն, տնտեսություն, էներգետիկա, սահմանների կառավարում, դատաիրավական և ինստիտուցիոնալ ոլորտներ։ Հովսեփյանը շեշտեց, որ Հայաստանի և Եվրոպայի միջև ձևավորվում են խորացող ինստիտուցիոնալ կապեր, որոնք կարող են ունենալ տարբեր դրսևորումներ։
Վիգեն Հովսեփյանը նաև անդրադարձավ ճանապարհային և ենթակառուցվածքային ծրագրերին՝ նշելով, որ այդ ոլորտում հնարավոր է մրցակցություն Ռուսաստանի և եվրոպական դերակատարների միջև։ Նրա դիտարկմամբ՝ Հարավային Կովկասում ազդեցության նոր վերաբաշխում է տեղի ունենում, և Եվրոպան փորձում է ուժեղացնել իր ներկայությունը։
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական վերափոխման մասին՝ Հովսեփյանը նշեց, որ երկիրը աստիճանաբար դուրս է գալիս ռուսական ազդեցության որոշ շրջանակներից, հատկապես անվտանգության ոլորտում։ Նա հիշեցրեց, որ այդ գործընթացի նախանշանները տեսանելի դարձան դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, երբ, ըստ նրա, պարզ դարձավ, որ Ռուսաստանը տարածաշրջանում սկսել է առաջնորդվել նաև թուրքական աշխարհի հետ հարաբերություններով։
Քաղաքագետը կարծում է, որ Մոսկվան արդեն որոշ չափով հաշտվել է այն իրողության հետ, որ Հայաստանը խորացնում է հարաբերությունները Արևմուտքի, հատկապես Եվրոպայի հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանն ունի արտաքին աջակցության կարիք, իսկ ինքն այլևս չունի նախկին ցանկությունն ու հնարավորությունը ամբողջ ծավալով ստանձնելու այդ դերակատարությունը։
Միաժամանակ Հովսեփյանը նշեց, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, ունի «տանելիության սահմաններ» և զգայուն է հակառուսական շեշտադրումների նկատմամբ։ Նրա կարծիքով՝ ռուսական կողմը ներկայումս համբերատար քաղաքականություն է վարում՝ պայմանավորված ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով և սեփական ծանրաբեռնվածությամբ։

Անդրադառնալով Միացյալ Նահանգներ-Հայաստան հարաբերություններին՝ Վիգեն Հովսեփյանը խոսեց նաև “TRIPP” նախագծի շուրջ քննարկումների մասին։ Նա նշեց, որ Իրանի շուրջ լարվածությունը չի նվազեցրել Հայաստանի կարևորությունը Վաշինգտոնի համար։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ում վաղուց հասկացել են, որ Հայաստանը Իրանի հետ ունի կենսական նշանակության կապեր և կախվածություններ, որոնք հնարավոր չէ կտրուկ խզել։
Հովսեփյանի դիտարկմամբ՝ Իրանի շուրջ զարգացումները նույնիսկ կարող են բարձրացնել Հայաստանի կարևորությունը ԱՄՆ‑ի և Արևմուտքի համար, քանի որ Վաշինգտոնը տարածաշրջանում փորձում է ունենալ վստահելի գործընկեր։ Նա ընդգծեց, որ վերջին տասնամյակներում ԱՄՆ‑ը հիմնականում Վրաստանն էր դիտարկում որպես տարածաշրջանային հենակետ, սակայն այժմ նկատելի է Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրությունը։
Քաղաքագետը հատուկ ընդգծեց նաև եվրոպացի ղեկավարների հայտարարությունները, մասնավորապես այն կոչերը, որոնցով եվրոպական ընկերություններին առաջարկվում է Հայաստանը դիտարկել որպես գործընկեր և գործունեության հարթակ։ Նրա կարծիքով՝ առաջիկա ամիսներին կարող են հայտարարվել նոր արևմտյան տնտեսական և ենթակառուցվածքային համագործակցություններ Հայաստանի հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
