Երբ խոսում ենք լրագրողների իրավունքների մասին, մեր աչքի առաջ են միանգամից գալիս «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ լրագրողների զանգվածային ջարդը ու նաև տեխնիկայի ոչնչացումը, դրանից մեկ տարի անց ավելի դաժան վերաբերմունք դրսևորվեց Սարի թաղի դեպքերի ժամանակ: Շատերը սա մոռացել են կամ ձևացնում են, թե ոչինչ չի եղել, բայց նույնիսկ այս հետընթացի պարագայում մեզանում իրավիճակը շատ ավելի ազատ է, քան նախորդ տասնամյակների ընթացքում էր:
Աշոտ Մելիքյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը
– Պարո՛ն Մելիքյան, «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության հրապարակած Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսիհամաձայն՝ Հայաստանը 2026 թվականին հետընթաց է գրանցել՝ 16 կետով։ Այս հետընթացը սպասելի՞ էր, որո՞նք են այս ցուցանիշի պատճառները:
– Այո՛, սպասելի էր, որովհետև այս տարվա ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, որ ակնհայտորեն ռեգրեսիվ բնույթ էին կրում, և ընդդեմ լրագրողների դատական գործերի առումով վիճակը ոչ միայն չէր բարելավվում, այլ նաև պահպանվում էր այդ ինտենսիվ հոսքը, իսկ այդ հոսքերում բավականին մեծ է այն հայցերի քանակը, որոնք ներկայացվում էին պաշտոնյաների կողմից ընդդեմ լրատվականների կամ նրանց ներկայացուցիչների:
Եվրոպական դատարանը և եվրոպական այլ կառույցներ իրենց որոշումներում միշտ ասում են, որ պաշտոնատար անձը պետք է ձեռնպահ մնա հատկապես վիրավորանքի ու զրպարտության հիմքով հայցերից, որովհետև արձագանքելու, այդ ամենը հերքելու ավելի լայն գործիքակազմ ունի: Մինչդեռ մեզանում այլ պատկեր է, բայց ասածս բնավ չի նշանակում, թե մեզանում լրագրողները բնավ չեն խախտում լրատվական էթիկայի նորմերը, կանոնները:
Երկրորդը, չնայած իշխանության ներկայացուցիչների պնդմանը, բարելավումները օրենսդրական կարգավորումներում՝ մեդիայի գործունեության վերաբերյալ, այն գործընթացները, որ գնում են ընդդեմ կեղծ լուրերի, ապատեղեկատվության կամ հասարակական կարգի խարխլման բարելավմանը ուղղված, մտահոգություն են առաջացնում նաև այն առումով, որ կարող են կիրառվել նաև ներքին լրատվական դաշտի ու խաղացողների նկատմամբ:
Ակնհայտ է նաև լրատվական դաշտի ծայրահեղ բևեռացվածությունը, ճնշող մեծամասնությունը սպասարկում է քաղաքական շահ, լրատվամիջոցների մեծ մասը օգտվում է քաղաքական գումարներից, իսկ հասարակությունը այս ամենի հետևանքով դառնում է ներքին ինֆորմացիոն պատերազմի ականատեսն ու զոհը: Այս իրավիճակը հաղթահարելու գլխավոր պատասխանատուն ու դերակատարը պետք է պետությունը լինի, քանի որ այդ բևեռվածությունը չի կարող որևէ լավ բանի հանգեցնել: Այս ամենը, բնականաբար, չէր կարող վրիպել միջազգային կազմակերպության աչքից, ու հետընթացի հիմնական պատճառը սրանք են:
Ավելացնեմ նաև, որ այն ժամանակահատվածը, այսինքն՝ վերջին մեկ տարին, որի ընթացքն էլ դիտարկվել է, Հայաստանն առաջին անգամ հայտնվեց այն երկրների շարքում, որտեղ խոսքի համար, եթե ավելի խիստ ասենք՝ մարդիկ լրատվական գործունեության համար հայտնվեցին ճաղերի հետևում: Խոսքս «Իմնեմնիմի» փոդքասթը վարողների մասին է: Սա շատ բացասական հետևանք է ունեցել Հայաստանի համար ու նպաստել է նաև վարկանիշի այս անկմանը:
– Իշխանության ներկայացուցիչները հաշվի նստում են այս հետընթացի հետ, բայց նաև պնդում են, որ Հայաստանում այսօր, առավել քան երբևէ, խոսքի ազատություն է, որ առաջ լրագրողները չէին կարող ազատորեն հարցեր տալ, որովհետև նրանց կհարվածեին: Համակարծի՞ք եք նրանց պնդումներին:
– Անկեղծ ասած, ես համաձայն չեմ այն պնդմանը, թե ազատությունը նույնիսկ չափից ավելի է, որովհետև ազատությունը չափից ավելի չի լինում: Խոսքի ազատության խախտումները, սանձարձակությունը ու անբարեկիրթ վարքագիծը չպետք է վերագրել խոսքի ազատությանը: Բոլոր թերություններով ու դիտողություններով հանդերձ՝ նույնիսկ այս հետընթացի պայմաններում ես շարունակում եմ պնդել, որ հետհեղափոխական շրջանում խոսքի ազատության վիճակը Հայաստանում անհամեմատ ավելի լավ է, քան նախորդ տասնամյակներում, սրանում ես համոզված եմ: Ովքեր հակառակն են պնդում՝ կա՛մ իրավիճակին չեն տիրապետում, կա՛մ օբյեկտիվ չեն ու քաղաքական նկատառումներով ուղղակի փորձում են մոլորեցնել նույնիսկ իրենց լսարանին:
Նախորդ տասնամյակների ընթացքում հնարավոր չէր պատկերացնել, որ մասնավոր հեռուստաընկերությունների մեծ մասը ընդգծված ընդդիմադիր կեցվածք է ունենալու ու թույլատրելի, որոշ դեպքերում՝ անթույլատրելի մեթոդներով կքննադատի ու իրենց ատելությունը կարտահայտի երկրի ղեկավարի ու իշխող ուժի նկատմամբ: Տեսել ենք, թե Քոչարյանի ժամանակ ինչպես էր «Ա1 +»-ը փակվում, ինչ ճնշումների էր ենթարկվում «Գալա» հեռուստաընկերությունը: Նման ազատ իրավիճակ հայկական հեռուստաընկերություններում մենք չեք տեսել, չենք տեսել նաև, որ երկրի ղեկավարները 4,5‑ժամանոց մամուլի ասուլիս տան ու դրանք ավարտեն, երբ բոլոր հարցերն ավարտվեն: Չենք տեսել, որ երկրի ղեկավարն ամեն հինգշաբթի ճեպազրույց տա, այնպես, ինչպես հիմա անում է Նիկոլ Փաշինյանը:
Երբ խոսում ենք լրագրողների իրավունքների մասին, մեր աչքի առաջ են միանգամից գալիս «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ լրագրողների զանգվածային ջարդը ու նաև տեխնիկայի ոչնչացումը, դրանից մեկ տարի անց ավելի դաժան վերաբերմունք դրսևորվեց Սարի թաղի դեպքերի ժամանակ: Շատերը սա մոռացել են կամ ձևացնում են, թե ոչինչ չի եղել, բայց նույնիսկ այս հետընթացի պարագայում մեզանում իրավիճակը շատ ավելի ազատ է, քան նախորդ տասնամյակների ընթացքում էր:
Սա սակայն ամենևին չի նշանակում, թե այս իշխանությունները չպետք է հաշվի նստեն այս հետընթացի հետ, պետք է հաշվի առնել բոլոր դիտողություններն ու փորձել աստիճանաբար շտկել: Իշխանությունն աշխատելու շատ տեղ ունի, պետք է ո՛չ գոհ լինեն իրենց այսօրվա վիճակից, ո՛չ էլ մտածեն, թե այսպես էլ պետք է լիներ, ու սա օբյեկտիվ է: Պետք է շտկումներ անեն ու ավելի հանդուրժող լինեն, պետք է քայլեր ձեռնարկեն, որոնք կապահովեն ռեալ խոսքի ազատությունը, ու շատ կարևոր է, որ այդ ազատությունը երբեք չնույնականացվի սանձարձակության ու այլ իրավունքի խախտումների հետ:
Իշխանության կողմից հղումներն անցյալին իհարկե իրենց հիմքերն ունեն, բայց այսօրվա իշխանությունները իրենց հարաբերություններն ու գործողությունները ոչ թե պետք է համեմատեն այդ ավտորիտար ռեժիմների ժամանակ տիրող իրավիճակների հետ, այլ հետևողականորեն աշխատեն, որպեսզի Հայաստանում այն իրավիճակը ստեղծվի, որ զարգացած եվրոպական ընտանիքում է հաստատվել:
Աղբյուրը՝ https://medialab.am/316043/
