Սամվել Կարապետյանի կենսագրությունն ու Ռուսաստանում ձևավորված գործունեությունը ավելի շատ համապատասխանում են կոշտ, երբեմն նույնիսկ «մերձկրիմինալ» խոսույթին, քան դասական քաղաքական լեզվին։
Հայկ Հովյան
1inTV‑ն զրուցել է գրող, հրապարակախոս Հայկ Հովյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել էՀայաստանում մեկնարկած նախընտրական քարոզարշավը՝ կենտրոնանալով իշխանություն-ընդդիմություն հռետորաբանության և հանրային ընկալումների վրա։ Հրապարակախոս Հայկ Հովյանը փաստում է, որ ընդդիմությունը ձախողում է սեփական վարկանիշի բարձրացումը, քանի որ առաջարկում է ժամկետանց քաղաքական օրակարգ, որը հիմնված է անցյալի փորձի կրկնության, այլ ոչ թե նոր լուծումների վրա։ Ի հակադրություն այդ ամենի, Նիկոլ Փաշինյանի հաջողության գրավականը համարվում է նրա ծայրահեղ անկեղծությունը բարդ որոշումների հարցում, ինչը վստահություն է ներշնչում «բաց հասարակության» պայմաններում ապրող ընտրողին։ Հարցազրույցն ընդգծում է նաև կառավարման համակարգի թերությունները և մասնագետների ներգրավման դժվարությունները, որոնք պայմանավորված են ներքաղաքական թունավոր մթնոլորտով ու թիրախավորմամբ։
Հայկ Հովյանը նշեց, որ որպես սկսնակ քաղաքական գործիչ՝ Սամվել Կարապետյանը դեռ կերպարի փնտրտուքների մեջ է։ Նրա խոսքով՝ սկզբնական ելույթներում Կարապետյանի համար փորձում էին ստեղծել ավելի ակադեմիական կերպար, սակայն այժմ, ըստ Հովյանի, նրա PR թիմը փորձում է կրկնել Նիկոլ Փաշինյանի «պարզ ու սուր խոսքի» մոդելը։ Հրապարակախոսը կարծում է, որ դա ամբողջությամբ հաջող չի լինելու, քանի որ քաղաքական գործիչը պետք է խոսի իր բնույթին համապատասխան։ Նա դիտարկեց, որ Սամվել Կարապետյանի կենսագրությունն ու Ռուսաստանում ձևավորված գործունեությունը ավելի շատ համապատասխանում են կոշտ, երբեմն նույնիսկ «մերձկրիմինալ» խոսույթին, քան դասական քաղաքական լեզվին։
Անդրադառնալով Կարապետյանի կողմից օգտագործված կոշտ բառապաշարին՝ Հայկ Հովյանը նշեց, որ ժամանակակից քաղաքականությունն ամբողջ աշխարհում փոխվել է։ Նրա կարծիքով՝ սոցիալական ցանցերի դարաշրջանում քաղաքական գործիչները ստիպված են օգտագործել սուր, հիշվող արտահայտություններ, որովհետև հենց դա է պահանջում այսօրվա ընտրողը։ Հովյանը նկատեց, որ նույնիսկ համաշխարհային առաջնորդները՝ այդ թվում Դոնալդ Թրամփը, խոսում են կոշտ տոնով, և արդեն դժվար է վերադառնալ 20 տարի առաջվա քաղաքական լեզվամտածողությանը։
Գրող-հրապարակախոսը շեշտեց, որ քաղաքական թիմերը շատ լավ ուսումնասիրում են հանրային տրամադրությունները և իրենց քարոզչությունը կառուցում են ըստ ընտրողի հոգեբանության։ Նրա խոսքով՝ այսօրվա ընտրողը հիմնականում TikTok‑ի, Instagram‑ի և Facebook‑ի «ռիլերի» սպառող մարդն է, և եթե քաղաքական ուժը փորձի խոսել միայն ակադեմիական ոճով, ապա կկտրվի իրականությունից։ Հովյանը նշեց, որ հենց այդ պատճառով են քաղաքական թիմերը փորձում խոսել ավելի «կենդանի» ու կոշտ լեզվով։
Հայկ Հովյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի հասարակությունը չպետք է շփոթել Ռուսաստանի հասարակության հետ։ Նրա կարծիքով՝ բաց տեղեկատվական միջավայրում կեղծությունը շատ արագ է բացահայտվում, և քաղաքական գործիչները չեն կարող երկար պահպանել արհեստական կերպարներ։ Նա ասաց, որ իր խորհուրդը Սամվել Կարապետյանի թիմին կլիներ «ֆալշ չանել» և ներկայանալ այնպես, ինչպես իրականում կան, քանի որ ազատ հասարակության մեջ կեղծ կերպարները երկար կյանք չունեն։
Հովյանը նկատեց, որ Սամվել Կարապետյանի կերպարը դժվար է համադրել 90-ականների Ռուսաստանում հաջողության հասած գործարարի իրական կենսափորձի հետ։ Նրա խոսքով՝ այդ ժամանակների Ռուսաստանում հաջողության հասնելու համար մարդը պետք է ունենար շատ ավելի կոշտ և այլ հոգեբանական կառուցվածք, քան այն կերպարը, որը ներկայում փորձում են ստեղծել Կարապետյանի շուրջ։
Անդրադառնալով բիզնեսմենների՝ քաղաքականություն մտնելուն՝ Հայկ Հովյանը նշեց, որ հաջող բիզնեսմենը կարող է դառնալ հաջող քաղաքական գործիչ, սակայն պետությունը բիզնես չէ։ Նա շեշտեց, որ բիզնեսում կարելի է բազմիցս ձախողվել և նորից հաջողության հասնել, մինչդեռ պետության դեպքում մեկ ճակատագրական սխալը կարող է անդառնալի լինել։ Որպես օրինակ նա հիշեցրեց Արցախի դեպքերը և նշեց, որ քաղաքական սխալները կարող են հանգեցնել ամբողջ համակարգի փլուզման։
Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու մասին խոսելով՝ Հովյանը կարծիք հայտնեց, որ Փաշինյանի գլխավոր առավելությունը անկեղծությունն է։ Նրա խոսքով՝ վարչապետը բաց ասում է, թե ինչ է պատրաստվում անել, այդ թվում՝ Արցախի հարցում, և հենց դա է նրա հաջողության հիմնական պատճառը։ Հովյանը նշեց, որ ընդդիմությունը հաճախ օգտագործում է ձևակերպումներ, որոնց տակ իրականում թաքնված է խաղաղության գործընթացի տորպեդահարումը, և ընտրողը դա զգում է։
Հայկ Հովյանը կարծում է, որ ընդդիմությունը չի կարողանում օգտագործել Նիկոլ Փաշինյանի հակառեյտինգը, որովհետև մարդիկ, ովքեր չեն ցանկանում ընտրել Փաշինյանին, միաժամանակ պատրաստ չեն ձայն տալ նաև ներկայիս ընդդիմությանը։ Նրա խոսքով՝ այդ ընտրողները հաճախ կամ չեն գնում ընտրության, կամ իրենց ձայնը տալիս են փոքր ուժերի, բայց չեն միանում ընդդիմադիր հիմնական բևեռներին։
Հրապարակախոսը նշեց, որ ընդդիմության հիմնական խնդիրը նոր առաջարկ չունենալն է։ Ըստ Հովյանի՝ ընդդիմադիր ուժերը մարդկանց առաջարկում են վերադառնալ նույն քաղաքականությանը, որը վարել են նախորդ տասնամյակներում, սակայն հասարակության մի զգալի հատված այլևս չի ցանկանում վերադառնալ այդ մոդելին։
Խոսելով ընդդիմության չմիավորվելու մասին՝ Հովյանը նշեց, որ քաղաքական ուժերի համար ընտրությունները սովորական քաղաքական գործընթաց են, ոչ թե «պետություն փրկելու» բացառիկ առաքելություն։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր կուսակցություն զբաղված է սեփական դիրքերը պահպանելով և ուժեղացնելով, ուստի բնական է, որ նրանք չեն ցանկանում հանուն ուրիշի հրաժարվել իրենց քաղաքական գործունեությունից։
Հետընտրական հնարավոր զարգացումների մասին Հայկ Հովյանը նշեց, որ այս պահին չի տեսնում այնպիսի ներուժ, որ ընդդիմությունը կարողանա ինքնուրույն զանգվածային փողոցային շարժում ձևավորել։ Նա հիշեցրեց Կիրանցի դեպքերը և ասաց, որ ժամանակը ցույց տվեց՝ այն սցենարները, որոնցով վախեցնում էին մարդկանց, իրականություն չդարձան։
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս Հովյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև այժմ ընթանում է շահերի ճշգրտման գործընթաց, հատկապես կոմունիկացիաների և երկաթուղու թեմաների շուրջ։ Նա ցավով արձանագրեց, որ Ռուսաստանում ապրող հայությունը չի օգտագործվում Հայաստանի շահերը պաշտպանելու համար, այլ հաճախ հակառակ գործընթացն է տեղի ունենում՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով։

Հայկ Հովյանը նաև անդրադարձավ ընտրակաշառքների և արտաքին ազդեցության թեմային՝ հույս հայտնելով, որ իրավապահ համակարգը բավականաչափ փորձ և ռեսուրս ունի նման սխեմաները բացահայտելու համար։
Ըստ Հովյանի՝ Հայաստանի հասարակության հիմնական պահանջները շատ պարզ են՝ խաղաղություն, անվտանգություն, տնտեսական կայունություն և սոցիալական ապահովություն։ Նա ընդգծեց, որ խաղաղության օրակարգն այսօր ամբողջությամբ ասոցացվում է Նիկոլ Փաշինյանի հետ, և դրա համար մեղավոր է նաև ընդդիմությունը, որը տարիներ շարունակ ծաղրել է խաղաղության գաղափարը։
Վերջում Հայկ Հովյանը նշեց, որ իշխանության գլխավոր խնդիրը կառավարման արդյունավետությունն է։ Նրա կարծիքով՝ արտաքին քաղաքական որոշ հաջողությունները չեն վերացնում այն փաստը, որ պետական կառավարման համակարգում կան լուրջ բացթողումներ։ Նա նաև համաձայնեց այն դիտարկման հետ, որ բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ չեն ցանկանում ներգրավվել պետական համակարգում՝ հասարակական թիրախավորման և թունավոր քաղաքական միջավայրի պատճառով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
