Թեհրանի հրթիռակոծության օրերին տեղեկություն է տարածվել, որ Ահմեդինեջադը «զոհվել է», բայց լուրը շատ արագ հերքվել է։
Վահրամ Աթանեսյան
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմեդինեջադը գտնվում է տնային կալանքում։ Տեղեկությունը տարածել է «Նյու Յորք թայմսը», որի հրապարակումը համառոտ ներկայացրել է ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլիգ» պարբերականը։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցի, Իսրայելի հատուկ ծառայությունները «տարիներ շարունակ Ահմեդինեջադին նախապատրաստել են կրոնապետության տապալումից հետո Իրանի աշխարհիկ առաջնորդության»։
Այդ նպատակով «Մոսադը» Հունգարիայի «միջոցով ապահովել է, որպեսզի պաշտոնաթողությունից հետո Ահմեդինեջադը միջազգային գիտաժողովների մասնակցության հրավերներ ստանա եւ այդ շրջանակներում նրա հետ կապը պահպանվի»։

«Նյու Յորք թայմսի» տեղեկություններով՝ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումից առաջ «Մոսադը» Իրանում «գործակալական ցանցի միջոցով Ահմեդինեջադին Թեհրանից տեղափոխել է ավելի անվտանգ եւ միանգամայն ապահով վայր, որպեսզի նա հրթիռային հարվածների զոհ չդառնա»։ Ամերիկյան պարբերականը վստահեցրել է, որ նախկին նախագահը «տնային կալանքի է ենթարկվել, երբ հայտնի է դարձել, որ նա Իսրայելի գործակալն է»։ Թեհրանի հրթիռակոծության օրերին տեղեկություն է տարածվել, որ Ահմեդինեջադը «զոհվել է», բայց լուրը շատ արագ հերքվել է։
Նախագահության ութ տարիներին Ահմեդինեջադը երեք անգամ այցելել է Բաքու՝ 2007, 2010 եւ 2012 թվականներին։ Առաջին այցը կայացել է երկկողմ ձեւաչափով։ Երկրորդ անգամ Իրանի նախագահը մասնակցել է Կասպյան ավազանի պետությունների առաջնորդների գագաթաժողովին, իսկ վերջին անգամ ներկա է գտնվել Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդաժողովին։
Ահմեդինեջադը ունի «ծայրահեղ համեստ մարդու» համարում։ Համացանցում տարածվել է պաշտոնաթողությունից հետո հանրային տրանսպորտով դասախոսական աշխատանքի գնալիս նրա լուսանկարը։ Մամուլում մի շարք հրապարակումներ են արվել, որ նա ութ տարի նախագահական աշխատավարձ չի ստացել, ապրել է Թեհրանի համալսրանից ստացած եկամուտների հաշվին։ Քաղաքական հայացքներով Ահմեդինեջադը հայտնի է որպես պահպանողական, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում կոշտ գծի հետեւորդ։

Բացառված չէ, որ «Նյու Յորք թայմսի» հրապարակումը Իրանի վերնախավում հակասությունները սրելու նպատակ է հետապնդում։ Այդուհանդերձ, ուշագրավ է, որ, ըստ ամերիկյան լրատվամիջոցի, Հունգրաիան Ահմեդինեջադի եւ «Մոսադի» միջեւ «կապավոր է եղել»։ Հավանական է, որ այդ գործարքում դեր է խաղացել նաեւ Ադրբեջանը։
Վահրամ Աթանեսյան
