Իրական կարգավորումը շարունակում է մնալ հեռանկար։ Դա փորձություն է նաեւ Լիբանանի հայ համայնքի եւ ազգային կառույցների համար։
Վահրամ Աթանեսյան
Հուլիսի 21-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին։ Մեկնաբանները այդ հանդիպումը արդեն իսկ անվանել են «պատմական»։ Ընդգծվել է, որ դա տասնյոթ տարվա ընդմիջումից հետո երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումն է։
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար պատրաստ է բանակցել անգամ «Հըզբալա»-ի հետ, թեեւ իրեն խորհուրդ են տալիս այդ քայլից ձեռնպահ մնալ։

Լիբանանի նախագահը Վաշինգտոն է այցելել չափազանց բարդ իրավիճակում։ Իսրայելական բանակը գրավել է Լիբանանի հարավը, մշտապես թիրախավորում է «Հըզբալա»-ի հենակետերը՝ չնայած հրադադարի մասին պայմանավորվածություններին։ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն մոտ երկու շաբաթ առաջ այցելել է այդ շրջաններ եւ զինվորականներին հավաստիացրել, որ բանակը կմնա «զբաղեցրած դիրքերում՝ մինչեւ «Հըզբալա»-ն չզինաթափվի»։
Պաշտոնական Բեյրութի համար խնդիրը բարդ է նրանով, որ «Հըզբալա»-ն կտրկանապես մերծում է զինաթափվելու եւ Իսրայելի հետ սահմանի հսկողությունը Լիբանանի կանոնավոր բանակին վերապահելու առաջարկությունը։ Ավելին, այդ կազմակերպությունը Լիբանանի քաղաքական համակարգի ազդեցիկ ուժերից մեկն է եւ վերջերս իշխանություններին զգուշացրել է «անցանկալի զարգացումներից»։

Փորձագետները համոզված են, որ ակնարկը Լիբանանում ներքաղաքական ճգնաժամ ստեղծելու մասին է, եթե նախագահ Աունը «միակողմանի զիջումների գնա»։
Հայտնի է, որ «Հըզբալա»-ն Իրանի մերձավոր դաշնակիցն է։
Լիբանանի նախագահի‘ Վաշինգտոն այցը տեղի է ունեցել Իրանի դեմ ԱՄՆ հարվածների սաստկացման ֆոնին։ Սպիտակ տանը Աունի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտել է, որ մոտակա օրերին «շատ հուժկու» հարվածներ կհասցվեն Իրանի «միջուկային գաղտնի օբյեկտին»։ Իսրայելական հետախուզության տվյալներով՝ Իրանը «հազարավոր ցենտրիֆուգեր է տեղափոխել» Պիկակս լեռան գաղտնարաններ։

Ի՞նչ հաջողություն կունենան ամերիկյան հրթիռային հարվածները եւ ռմբակոծությունները, փորձագետները դժվարանում են կանխատեսել։ Թե անցյալ տարվա հունիսին, թե այս տարվա փետրվար-ապրիլ ամիսներին ամերիկյան ծանր ռմբակոծիչները Իրանի միջուկային օբյեկտներին տասնյակ հարվածներ են հասցրել, բայց Իսլամական հանրապետության միջուկային ծրագիրը ոչնչացնել այդպես էլ չի հաջողվել։
Այդ առումով Լիբանանի նախագահին արված Թրամփի հավաստիացումները իսրայելա-լիբանանյան խաղաղության մասին առայժմ միայն խոստումներ են։ Իրական կարգավորումը շարունակում է մնալ հեռանկար։ Դա փորձություն է նաեւ Լիբանանի հայ համայնքի եւ ազգային կառույցների համար։
Վահրամ Աթանեսյան
